Իրար նման տասնհինգ Ամանոր

Հնում Հայոց աշխարհը բաղկացած էր տասնհինգ փոքր աշխարհներից կամ նահանգներից՝ Բարձր Հայք, Ծոփաց կողմ կամ Չորրորդ Հայք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Գուգարք, Տայք, Այրարատ: Երբ տասնհինգ նահանգները միաձույլ էին ու հայախոս, Ամանորը Հայաստան էր մտնում նույն գիշերը: Բոլոր տասնհինգ նահանգներում նավասարդյան տոնախմբություններն սկսվում էին միաժամանակ: Հայը հաց է դրել հին ու նոր տարիների սահմանագլխին, կարմրահատ ցորենով ճարմանդել հին տարվա ավարտն ու նորի սկիզբը:

Բարձր Հայքում մի ճերմակ ցորնհաց էին թխում, կեսն ուտում հին տարում, կեսը՝ նոր տարում,որով կարծես խնդրում էին հայոց աստվածներին հնի պես հացառատ դարձել նաև Նոր տարին:

Ծոփաց կողմում ցորեն աղանձ էին անում, մի մասը ուտում, մյուսը՝ թափում գետի կամ առվակի մեջ՝  համարելով, որ նվիրում են անձրևի աստծուն՝ Նոր տարին ցորենաբեր դարձնելու  համար:

Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հացահատիկով փոքրիկ ցորենաբլուր էին սարքում և ասում.

-Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի Նոր տարին, մի պատառ բան կվերցնի և եկող տարի ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար  աշխատանքը:

Տուրուբերանում հին ու նոր տարիների սահմանագլխին թոնիր էին վառում և թարմ լավաշի հոտով լցնում տունը:

Մոկքում Նոր տարվա սեղան նստելուց առաջ շինականը դաշտ էր գնում և մի քանի անգամ պտույտ տալիս իր արտի եզրերով, որով ուզում էր հավաստել, թե աստծու չափ երկրպագում է հողը, որի բարիքների  շնորհիվ է, որ մարդը մի տարուց անցնում է մյուս տարուն:

Կորճայքում տան գլխավորը չորեքթաթ է տալիս սենյակում ու Նոր տարվա համար թխված լավաշից կտորներ բաշխում տան անդամներին: Դրանով ուզում է ասել, որ Նոր  տարում աստվածները հաց կտան նրան, ով մեջքը ծռած կաշխատի  օրնիբուն:

ADVERTISEMENT

REPORT THIS AD

Պարսկահայքում Նոր տարում հացի խմորը հունցում էին Կապուտան լճի ջրով, հուսալով, որ Նոր տարում երաշտ չի լինի: Պարսկահայքում ասում էին, թե երաշտ տարում Կապուտանը փոթորկվում է, նրա ցայտերը թռչում են երկինք և ապա անձրև դարձած թափվում տապից տոչովող արտերի վրա:

Վասպուրականում Նոր տարվա նախօրեին փակում էին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները: Նրանք կարծում էին, թե հայոց Ամանորի պատանի աստվածը կարող է մի գավ գինի խմել, հարբել ու մոլորվել: Բայց հաշվի առնելով, որ Ամանորը երկար ճանապարհ է անցել և քաղցած կլինի՝ կարասների ու տիկների բերաններին մի-մի կտոր թարմ հաց էին դնում նրա համար:

Սյունիքում Նոր տարվա շեմին իրարից խռով մարդիկ պետք է կծեն հացի նույն կտորից, այլապես աստված որոմնաշատ կդարձնի նրանց արտերը:

Արցախում ցորեն էին խաշում, լցնում մեծ ամանիմեջ և դնում սեղանի վրա: Խաշելուց հատիկներն ուռչում ն և սովորականից երկու անգամ մեծ երևում:Արցախեցին դրանով հուշում էր աստվածներին, որ հաճելի կլիներ, եթե Նոր տարում ցորենի հատիկները խոշոր լինեին:

Փայտակարանում Նոր տարուց մի քանի ժամ առաջ տանը եղած գարին գոմ էին տանում ու մի այնպիսի գաղտնի անկյունում թաքցնում, որ Ամանոր աստծո աչքով չընկնի և Նոր տարին ամբողջովին ցորենաբեր  դարձնի:

Ուտիքում մի կտոր հաց էին կախում տան շքամուտքի բիղխից  (դռան կամարի միջի քար)՝  ցանկանալով  հավաստել, որ ամենքը կարող են հյուրընկալվել և մի կտոր հաց անուշ անել:

Գուգարքում Ամանորը դիմավորում էին բոլոր ջրաղացները գործի գցած:

Տայքում Նոր տարվա նախօրեին բարձրանում էին մոտակա սարերը և ձեն տալիս.

-Ամանո՜ր, Ամանո՜ր , ճաշը պատրաստ՝ քեզ  ենք  սպասում:

Տայքում կարծում էին, թե Ամանորը կարող է ուշանալ, գուցե հոգնել և մի տեղ քնով է անցել, պետք է արթնացնել և տուն  հրավիրել:

Այրարատում համոզված էին, թե Նոր տարին, ձյունափայլ լավաշն ուսած, իջնում է Մասիսի կատարից, մտնում և հաց բաշխում նախ աշխատասեր մարդկանց  տներին, նոր մնացածը տալիս հարուստ  ծույլերին և ծույլ  աղքատներին:

Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան, «Հացապատում», էջ 94

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *