Շնչառության սուր խանգարում

Մարդու մարմնի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մատակարարում։ Շնչառական համակարգը շնչառության միջոցով մարմինն ապահովում է թթվածնի անհրաժեշտ քանակով եւ հեռացնում ածխաթթու գազը։

Շնչառությունը կատարվում է շնչառական, սրտանոթային, նյարդային եւ հենաշարժիչ համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ։ Այս համակարգերից յուրաքանչյուրի գործունեության խաթարումը, որը լինում է որոշ վնասվածքների եւ հիվանդությունների դեպքում, կարող է բերել շնչառության խանգարումների եւ դժվարացնել շնչառությունը։ Իսկ շնչառության խանգարումները շատ հաճախ կյանքին անմիջական վտանգ են սպառնում, քանի որ խախտվում է թթվածնի մատակարարումը հյուսվածքներին, մասնավորապես դա խիստ է անդրադառնում նյարդային համակարգի գործունեության վրա։ Շնչառության խանգարման արագ հայտնաբերումն ու ժամանակին ցուցաբերած առաջին օգնությունը կարող են թեթեւացնել տուժածի վիճակը եւ կանխել հետագա բարդությունները։

Ինչպե՞ս ճանաչել

Սովորաբար մարդը շնչում է հանգիստ եւ ազատ, առանց որեւէ դժվարության։ Շնչառության խանգարման դեպքում բավական է նայել մարդու դեմքին եւ ուշադրություն դարձնել նրա շնչառությանը եւ դուք կարող եք որոշել, որ նրա շնչառությունը դժվարացած է։ Տուժածն այնպիսի տեսք է ունենում, ասես չի կարողանում շունչ քաշել կամ շնչահեղձ է լինում։ Շնչառությունը կարող է սովորականից ավելի արագ, ավելի դանդաղ կամ անկանոն լինել, ավելի խորը կամ մակերեսային լինել։ Տուժածի շնչառությունը կարող է աղմկոտ լինել, այսինքն՝ ուղեկցվել խզզոցներով, կլկլոցով, խռխռոցով։

Շնչառության դժվարացման մասին վկայում է նաեւ մաշկի վիճակը, այն լինում է անսովոր խոնավ ու կարմրած, հետո՝ գունատ կամ կապտավուն։
Տուժածը կարող է գլխապտույտ զգալ, գանգատվել կրծքավանդակի ցավից, ձեռքերի եւ ոտքերի թմրածությունից, ծակծկոցներից։ Սովորաբար նա լինում է տագնապած, անհանգիստ կամ վախեցած։

Ի՞նչ անել

Զանազան պատճառներից առաջացած դժվար շնչառության դեպքում պարտադիր չէ հստակ իմանալ պատճառը, քանի որ նման դեպքերում ձեր կողմից տուժածին ցուցաբերվող օգնության գործողությունները նույնն են։
Երբ տուժածի մոտ դժվարացած շնչառության նշաններ եք հայտնաբերում, նախ ուշադիր զննեք շրջապատը եւ ապահովեք անվտանգությունը, քանի որ նրա վիճակի պատճառ կարող են հանդիսանալ թունավոր գազերը, որոնք հնարավոր է՝ դեռեւս առկա են դեպքի վայրում։ Անվտանգությունն ապահովելու համար օդափոխեք տարածքը` բացեք դուռը, պատուհանները, իսկ եթե անհնար է ապահովել անվտանգությունը, դուրս բերեք տուժածին այդ վտանգավոր տարածքից։

Շնչառական խանգարումների ժամանակ տուժածին ցուցաբերվող առաջին օգնության քայլերը բավական պարզ են, բայց դրանց չիմացությունը կարող է բերել նրա վիճակի վատացման։

Նստեցրեք տուժածին հարմար դիրքով, ցանկալի է` իրանով առաջ թեքված։ Արձակեք սեղմող կապերը՝ օձիքը, վզնոցը, փողկապը, գոտին եւ այլն։ Խորհուրդ տվեք նրան հնարավորին չափ քիչ շարժվել։ Վստահություն ներշնչեք եւ հանգստացրեք տուժածին, մի թողեք որ հուզվի, հանգիստ վիճակը նույնպես նպաստում է շնչառության կարգավորմանը։

Ապահովեք թարմ օդի բավարար քանակ՝ բացեք պատուհանը կամ դուռը եւ խնդրեք այդ տարածքում գտնվող մարդկանց հեռանալ։
Պարբերաբար վերահսկեք տուժածի շնչառության ու անոթազարկի վիճակը, գրանցեք տվյալները։ Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղամիջոցներ, ապա օգնեք ընդունել դրանք։

Եթե տուժածը չունի դեղեր կամ դեղերը չեն օգնում ու շնչառությունը չի բարելավվում, ահազանգեք շտապ օգնություն։

Բրոնխիալ ասթմա

Հիմա եկեք անդրադառնանք շնչառական համակարգի բավական տարածված մի հիվանդության՝ բրոնխիալ ասթմային։
Բրոնխիալ ասթման հիվանդություն է, որի դեպքում տարբեր պատճառներից պարբերաբար կարող են առաջանալ ծայրամասային շնչառական ուղիների մկանների կծկում, լորձաթաղանթի այտուց եւ առատ լորձարտադրություն, ինչի հետեւանքով դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես` արտաշնչումը։ Այս վիճակն անվանում են բրոնխիալ ասթմայի նոպա։
Ասթմայի նոպայի առաջացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ, ինչպիսիք են`եղանակի փոփոխությունները, ֆիզիկական լարվածությունը, ալերգիկ ռեակցիաները, զգացմունքային սթրեսը, շնչառական ուղիների սուր վիրուսային հիվանդությունները, օրինակ` գրիպը։

Ինչպե՞ս ճանաչել ասթմայի նոպան

Նոպայի ժամանակ արտաշնչումը դժվարանում է, օդը, կարծես, «մնում է տուժածի թոքերում», առաջանում է շնչահեղձություն։ Տուժածը հարկադրական դիրք է ընդունում՝ մարմնով առաջ թեքված, քանի որ այս դիրքում շնչելը նրա համար ավելի հեշտ է։ Տուժածի շնչառությունը ուղեկցվում է չոր, խեղդող հազով, սուլող խզզոցներով։ Մաշկը պատվում է սառը քրտինքով, գունատվում է եւ ստանում կապտավուն երանգ։ Կրծքավանդակի եւ պարանոցի երակները արտահայտվում են։ Ձայնը դառնում է խռպոտ։

Սովորաբար ասթմայով հիվանդները գտնվում են բժշկի հսկողության տակ ու գիտեն, թե ինչպես գործել մինչեւ նոպայի սկսվելը եւ նոպայի դեպքում։
Հաճախ ասթմայով տառապողները դեղերի միջոցով կարողանում են կանխել նոպան կամ թեթեւացնել նրա ընթացքը։ Այդ դեղերը թուլացնում են շնչառական ուղիների մկանների կծկումը, լայնացնում են շնչուղիներն ու հեշտացնում շնչառությունը։

Ի՞նչ անել

Ասթմայի նոպայի մեջ գտնվող տուժածին հայտնաբերելիս պարզեք՝ նա ունի՞ արդյոք բժշկի կողմից նշանակված դեղեր եւ եթե այո, ապա օգնեք նրան ընդունել այդ դեղերը։

Օգնեք տուժածին ընդունել շնչառությունը հեշտացնող դիրք։ Հիմնականում շնչառության դժվարություններ ունեցող տուժածներն իրենք փորձում են ընդունել ամենահարմար դիրքը։ Կարելի է տուժածին նստեցնել` իրանը առաջ թեքած, արմունկներով սեղանին կամ ծնկներին հենված։
Հանգստացրեք տուժածին։ Վախը, լարվածությունը մեծացնում են թթվածնի պահանջը։ Մնացեք տուժածի մոտ եւ քաջալերեք նրան։ Խորհուրդ տվեք նրան հնարավորին չափ քիչ շարժվել, չխոսել, ինչը կնվազեցնի մարմնում թթվածնի պահանջը։

Սովորաբար դեղերի ընդունումից եւ առաջին օգնության մյուս նշված քայլերից հետո նոպան ավարտվում է։ Հազը դառնում է թաց, ուղեկցվում է մածուցիկ, թափանցիկ, անգույն խորխի արտազատումով։ Տուժածի շնչառությունն ու ընդհանուր վիճակը բարելավվում են։ Հակառակ դեպքում, երբ ձեռնարկած քայլերը չեն հանգեցնում տուժածի վիճակի բարելավմանը կամ եթե դա տուժածի մոտ ասթմայի նոպայի առաջին դեպքն է, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։

Հեւոց

Հեւոցը բավական հաճախ հանդիպող շնչառական խանգարում է, որը հաճախ կարող է առաջանալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Անգամ 3-4 հարկ արագ բարձրանալիս մարդը կարող է հեւալ։ Ինքնին հեւոցը վտանգավոր չէ եւ երբեմն կարող է անցնել նաեւ առանց առանձնահատուկ օգնության, բայց այն կարող է լինել նաեւ վնասվածքի կամ հիվանդության արդյունք։

Հեւոցի ժամանակ շնչառությունը արագացած է, մակերեսային, մարդն օդի պակաս է զգում, շնչահեղձ լինում, հնարավոր է՝ ունենա գլխապտույտ։ Կարող են լինել վերջույթների մատների թմրածություն կամ ծակծկոցներ։

Ի՞նչ անել

Ինքներդ մնացեք հանգիստ ու փորձեք հանգստացնել տուժածին։ Խորհուրդ տվեք նրան քիչ շարժվել։

Բարձրաձայն հաշվեք տուժածի յուրաքանչյուր շնչառական շարժումը եւ աստիճանաբար դանդաղեցրեք հաշիվը։ Տուժածը կփորձի ձեզ հետ կենտրոնանալ եւ աշխատել դանդաղեցնել շնչառությունը, նրա վիճակն արագ կբարելավվի։

Եթե հեւոցի պատճառը հուզմունքն է, խորհուրդ տվեք տուժածին շնչել ձեռքերի ափերի մեջ կամ եթե ձեռքի տակ կա թղթյա տոպրակ՝ տոպրակի մեջ։ Մինչեւ տոպրակը տալը բացատրեք տուժածին՝ ինչ եք պատրաստվում անել, եթե տուժածը վախենում կամ ընկճվում է տոպրակից, մի պահ հեռացրեք այն դեմքից, ապա նորից փորձեք առաջարկել շնչել տոպրակի մեջ։

Եթե հեւոցի պատճառը վնասվածք կամ հիվանդություն է, կամ այն չի անցնում ձեռնարկած միջոցներից, ահազանգեք շտապ օգնություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *