Կոմիտասի մասին

Կոմիտաս (Սողոմոն Գեւորգի Սողոմոնեան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869, Քյոթահիա – հոկտեմբերի 22, 1935 կամ հոկտեմբերի 21, 1935, Փարիզ, Ֆրանսիա), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»:

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը: Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ: Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար: Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար:

Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ: Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում:

Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում: Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ: Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ:

Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին, 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ։ Սովորել է Բեռլինում՝ պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում, որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար։ Երաժշտության պարապմունքներին զուգահեռ Կոմիտասը հաճախում է նաև Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին:

Կոմիտասը չափազանց ուրախ և չափազանց աշխատասեր էր: Նրա բնավորությունը միալար չէր, նա խիստ դյուրագրգիռ և երբեմն էլ բարկացող էր: Սակայն նրա բարկությունը նման էր քամիներից քշվող ամպի ծվեններին, որոնց միայն մի վայրկյան է հաջողվում արևի լույսը խափանել, բայց այդ ծվենների արագորեն անցնելուց հետո՝ նորից արև, նորից զվարթություն և նորից ծիծաղ է տիրապետում: Կոմիտասի զգայուն հոգին տառապում էր ուրիշների վշտերով: Նա հեռուներում գտնվող իր ընդունակ, բայց չքավոր աշակերտներին օգնում էր հնարավորին չափ:

– Փանոս Թերլեմեզյան
Aquote2.png
Aquote1.png Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը… Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային… Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը:

– Ավետիք Իսահակյան
Aquote2.png
Aquote1.png Կոմիտասի երաժշտությունը մի այնպիսի ոճական անաղարտություն է, մի այնպիսի վսեմաշուք լեզու, որ դժվար է շրջանցել այն, դժվար է այս կամ այն կերպ նրան չառնչվելը, նրա ազդեցությունը չկրելը: Ես միշտ գերված եմ եղել և գերված կմնամ Կոմիտասի երաժշտությամբ:

– Արամ Խաչատրյան
Aquote2.png
Aquote1.png Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը (Փարիզ, 1906) մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ: Ներկաներից ոչ ոք, ի բացառյալ նուրբ գիտակների, պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ոչ եվրոպական է, ոչ արևելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ:

– Լուի Լալուա
Aquote2.png
Aquote1.png Ես զարմանում եմ, որ 25 տարի սրանից առաջ փոքրիկ Հայաստանը տվել է մի Կոմիտաս, որի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական կառուցվածքի և արժեքի տեսակետից հազիվ կարելի կլիներ սպասել Ռուսաստանի խոշոր կենտրոններում ապրող նույն ժամանակի ամենահայտնի ռուս կոմպոզիտորներից:

– Միխայիլ Գնեսին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *